Ավստրիայում ձերբակալվել են 70 ներգաղթյալների մահվան համար կասկածվող անձինք
Ավստրիայում ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի, որոնք կարող են կապ ունենալ տասնյակ ներգաղթյալների մահվան հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իրավապահ մարմինների վերջին տվյալների համաձայն՝ անօրինական փոխադրողների մեղքով մահացել է 71 մարդ։
Նշվում է, որ 3 մարդ ձերբակալվել է Հունգարիայի տարածքում, իսկ անօրինական բիզնեսի կազմակերպիչները, հավանաբար, գտնվում են Ռումինիայում։ Ավստրիայի ՆԳՆ-ն դեռևս պաշտոնապես չի հաստատում լուրը։
Քննիչները պարզում են նաև բեռնատարի ենթադրյալ երթուղին։ Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին այն դուրս է եկել Բուդապեշտից և մինչև երեկո գտնվել Հունգարիայի տարածքում։
Մեքենան Ավստրիա է հասել միայն հինգշաբթի և վաղ առավոտյան հայտնաբերվել ճանապարհային ծառայությունների կողմից։ Մինչ այդ, իրավապահների կարծիքով, ներգաղթյալներն արդեն մահացած են եղել 1.5-2 օր։
Լրատվամիջոցները փորձում են պարզել բեռնատարի սեփականատերերի ինքնությունը։ Ենթադրվում է, որ վարորդը Ռումինիայի քաղաքացի է։
Հիշեցնենք, որ Ավստրիայում կայանված բեռնատարում ավելի քան 70 ներգաղթյալի դի է հայտնաբերվել։ Մեքենան հայտնաբերվել է Սլովակիայի և Հունգարիայի սահմաններից ոչ հեռու՝ ավտոմայրուղու վրա։










