Մոնակոյի արքայազնը ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհայինի տարիներին հրեաների արտաքսման համար (լուսանկարներ)
Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդը ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական համակենտրոնացման ճամբարներ հրեաների արտաքսման համար։
Հայտարարությունն արվել է օգոստոսի 27-ին՝ արտաքսվածների անուններով հուշարձանի բացման արարողության ժամանակ, գրում է Газета-ն։
«Մենք անուղղելի սխալ ենք թույլ տվել՝ նացիստներին փոխանցելով տղամարդկանց, կանանց և երեխաների, որոնք փախել էին բռնություններից, որոնց ենթարկվել էին հարևան Ֆրանսիայում։ Գտնվելով դժվարին իրավիճակում՝ նրանք եկել էին հենց մեզ մոտ ապաստան գտնելու»,- նշել է արքայազնը։
Ալբերը հայտնել է նաև պատերազմի ժամանակ տուժածների ընտանիքներին օգնություն հատկացնելու ծրագրի մասին։ Վնասը հատուցելու 9 հայց արդեն բավարարվել է։
1943թ. օգոստոսի 27-28-ը Մոնակոյի ոստիկանությունը՝ Ֆրանսիայի ճնշման ներքո, արտաքսել է առնվազն 66 հրեայի։ Եվս 24 հրեաներ, ովքեր ապրել են ֆրանսիական Ռիվիերայում և նրա շրջակայքում, արտաքսվել են ճամբարներ հետագա ամիսների ընթացքում։ Նրանցից միայն 9 մարդ է կարողացել հետ վերադառնալ։















