Ռուսաստանում հանգուցյալների դիերը շփոթել են և հարազատներին անծանոթ մարդկանց դիեր տվել

12:03 • 28.08.15

Ռուսաստանում հանգուցյալների դիերը շփոթել են և հարազատներին անծանոթ մարդկանց դիեր տվել, հայտնում է НТВ-ն։

 

Նիժնի Նովգորոդի դիահերձարանից հանգուցյալի դին բերել են մեկ ժամ ուշացումով:

 

Հուղարկավորության մասնակիցները շտապելով դին մտցրել են մեքենան, երբ հանկարծ հարազատներից մեկը քաշել է ծածկոցն ու բոլորը սարսափելով հասկացել են, որ իրենց առջև անծանոթ տարեց կնոջ դի է:

 

Հարազատների մոտ հիստերիա է սկսվել, իսկ հանգուցյալ Ալբինա Դեմիդովայի քրոջ համար անգամ շտապօգնության մեքենա են կանչել:



Հուղարկավորության գործակալության աշխատակիցները, որոնք բերել են դին, կարողացել են կանգնեցնել մեկ այլ հուղարկավորության գնացող մեքենան: Պարզվել է, որ այնտեղ ևս զգացել են, որ անծանոթ մարդու են տանում գերեզմանատուն: Հարազատներին հանգստացրել են և դիերը փոխել:

 

Հուղարկավորությունից հետո Ալբինա Դեմիդովայի հարազատները ցանկացել են պարզել, թե ինչու են քաղաքային դիահերձարանի աշխատակիցները մեծ գումարներ պահանջում, սակայն նման սխալ են թույլ տալիս: Մասնավոր զրույցում նրանց ասել են, թե այնտեղ առավոտյան հակահրդեհային ուսուցում է տեղի ունեցել, և տագնապի պահին բոլորը դուրս են եկել փողոց՝ իրենց հետ տանելով դիերը, և, հավանաբար, հենց այդ պահին էլ խառնել են դրանք:

 

Սակայն լրագրողները պարզել են, որ այդ օրը դիահերձարանում ոչ մի վարժանք չի եղել։