Մինչև լրագրող չմասնակցեց, խմելու ջրի հարցը չլուծվեց. Էջմիածնի բնակիչ

20:26 • 28.08.15

 


Խմելու ջրի խնդիրը Էջմիածնի որոշ թաղամասերում Tert.am-ի անդրադարձից հետո լուծում է ստացել: Խմբագրություն էր զանգել խնդրի մասին բարձրաձայնած Աթարբեկյան փողոցի շենքերից մեկ բնակչուհի Գոհար Ասլանյանը և նշել, որ նյութի հրապարակումից հետո եկել են և խնդրին լուծում տվել:


Հիշեցնենք, որ բնակիչները մեկ ամսից ավելի է՝ խմելու ջուր գրեթե չէին ստանում: Գոհար Ասլանյանը նշել էր, որ ողջ հուլիս ամսին դույլերով են ջուր բարձրացրել առաջին հարկից, որտեղի ծորակը միակն է, որ օրվա ընթացքում գոնե կես ժամ հոսում է:
 

«Ահագին ժամանակ  ջուր չունեինք, էդ շոգերին, համաճարակ էր արդեն մեզ մոտ, ուր ասես չէինք դիմել՝ թաղապետարան, քաղաքապետարան, «Ջրմուղկոյուղի», ոչ մի օգուտ չկար: Վերջապես եկան քանդեցին, սարքեցին՝ տվեցին մեզ,  հիմա նորմալ ջուր ունենք, անչափ գոհ ենք»,-ասաց նա:

 

Գոհար Ասլանյանը նշեց, թե ջուրը շուրջօրյա է:

 

«Քաղաքապետարանն ասում էր՝ մերը չի, Ջրմուղինն է, մինչև լրագրող չմասնակցեց,հարցը չլուծվեց»,-ասաց նա և այդուհանդերձ շնորհակալություն հայտնեց նաև քաղաքապետարանին և «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը: