Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահին

13:15 • 29.08.15

Օգոստոսի 28-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուկերջիին, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը:

 

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել դեսպան Մարտիրոսյանի առանձնազրույցը Հնդկաստանի նախագահի հետ։

 

Նախագահ Մուկերջիին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների կապակցությամբ։ Նախագահը նշել է երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացման համար զգալի ներուժի առկայությունը, ինչպես նաև հավաստել, որ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար:


Նախագահ Մուկերջին իր խոսքում ընդգծել է Հնդկաստանի կյանքի տարբեր բնագավառներում պատմականորեն հայերի ցուցաբերած մասնակցության և դերակատարման նշանակությունը։
 

Դեսպան Մարտիրոսյանը իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է խորացնել Հնդկաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում։ Նա կարևորել է համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելել, որ Հայաստանը և Հնդկաստանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են նաև միջազգային ասպարեզում:

 

Դեսպան Մարտիրոսյանը նշել, որ անհրաժեշտ է ակտիվացնել շփումերը զբոսաշրջային կարողությունների և գիտական ու համալսարանական փոխադարձ կապերի ընդլայնման և խորացման ուղղությամբ։

 

Զրույցի ավարտին Հնդկաստանի նախագահը խնդրել է ՀՀ դեսպանին իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Հաջողություն մաղթելով դեսպան Մարտիրոսյանին իր գործունեության մեջ` Հնդկաստանի նախագահը հույս է հայտնել, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան: