«Էրիկա» արևադարձային փոթորիկն ավերել է կարիբյան պետությունը (տեսանյութ)

10:58 • 29.08.15

«Էրիկա» արևադարձային փոթորիկը հասել է Կարիբյան ավազանի մի շարք երկրներ, Դոմինիկա  կղզում մահացել է առնվազն 20 մարդ, ևս 31-ն անհետ կորած է համարվում։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտի խոսքով՝  կղզի-պետությանը հասցված վնասն այն 20 տարով հետ է տարել։

 

«Ավերածությունների աստիճանն ահարկու է։ Դա շատ ավելի վատ է, քան կարելի էր սպասել»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ոչնչացել են հարյուրավոր տներ, կամուրջներ ու ճանապարհներ։

 

«Մենք պետք է նորից կառուցենք Դոմինիկան»,-ընդգծել է վարչապետը՝ տեղի ունեցածն «ազգային ողբերգություն» որակելով։

 

Կղզու օդանավակայանները դեռ փակ են։ Երկրի իշխանություններին դեռ չի հաջողվել հասնել մի շարք բնակավայրեր, որոնց ճանապարհները փակվել են փլուզումների ու հեղեղումների պատճառով։

 

Հայիթիում և Դոմինիկյան Հանրապետությունում աղետը ծառեր, էներգամատակարարման գծեր է տապալել։ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռիկ Սքոթը մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։