Բրիտանացին մոտ 200.000 ֆունտ ստերլինգ տուգանք կվճարի՝ իր առանձնատան նկուղում լողավազան կառուցելու համար
Լոնդոնի հյուսիսային Հեմփսթեդ թաղամասի առանձնատներից մեկի սեփականատերը տեղական խորհրդին 180.000 ֆունտ ստերլինգ կվճարի՝ իր տան նկուղում «ինքնագլուխ» գործունեության համար, հայտնում է The Guardian-ը։
Մարկ Սեմյուելսը Hampstead Garden Suburb Trust ընկերակցությունից տարածքը ձեռք է բերել 2007 թվականին՝ 2.9 մլն ֆունտով։
Տեղի օրենքների համաձայն՝ իր երկու հարկից բացի՝ նա կարող էր նաև մեկ նկուղային հարկ ունենալ։ Հենց այդպես էլ տանտերն արել է՝ միայն թե ավելացնելով ևս մի հարկ, որտեղ էլ լողավազան, մարզասրահ և կինոթատրոն է կառուցել։
Տեղական համայնքի ղեկավարները դա համարել են կոպիտ խախտում և փոխհատուցում պահանջել։
Սկզբում Սեմյուելսը հրաժարվել է, սակայն նրա փաստաբանները խորհուրդ են տվել հարթել խնդիրը մինչև դատը։ Արդյունքում՝ որոշվել է, որ նա պետք է վճարի 180.000 ֆունտ։
Թե ով է տեղական խորհրդին հայտնել լողավազանի առկայության մասին՝ հայտնի չէ։










