ՊՆ փոխնախարարը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարին է ներկայացրել շփման գծում տիրող իրավիճակը

19:37 • 07.09.15

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի հետ:

 

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


Պարոն Լորենցը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալին է ներկայացրել պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովային:


Իր հերթին Դավիթ Տոնոյանը հյուրին տեղեկացրել է ս.թ. սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին:


Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և տեղի ունեցած միջադեպերի մանրամասները: Դավիթ Տոնոյանը մտահոգություն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:


Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դ. Լորենցը վերահաստատել է ԵՄ-ի մտահոգությունները և հորդորները` տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին: