Եթե ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի դեպքում քայլեր չեն արվում, պետք է մտածել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. քաղաքագետ
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հարց է բարձրանում՝ ինչո՞ւ է լռում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), երբ իր անդամ Հայաստանի Հանրապետության հանդեպ ագրեսիա է դրսևորվում:
«Սա ագրեսիա է Հայաստանի Հանրապետության հանդեպ, իսկ մենք ՀԱՊԿ անդամ ենք, հիմա ՀԱՊԿ-ը ՀՀ-ի հանդեպ պարտավորություններ ունի՞, թե չէ: ՀՀ արտգործնախարարությունը պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ այդ պայմանագիրը չի աշխատում և ինչո՞ւ ՀՀ անվտանգությունը հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ չի տեղափոխվում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ սահմանի լարված վիճակի հաղթահարման ողջ պատասխանատվությունը դրվել է ՀՀ պաշտպանության նախարարության վրա, այն դեպքում, երբ կան նաև դիվանագետներ:
«ՊՆ-ն քափ ու քրտինքի մեջ ողջ տարին ամբողջ գործն իր վրա է վերցնում, առանց սպասելու քաղաքական թույլտվությունների։ Որովհետև այս երկրում ըստ էության պատերազմ է ընթանում, և ագրեսիա է կատարվել մի պետության կողմից՝ մեկ այլ ինքնիշխան պետության նկատմամբ: Եվ հիմա այս պայմաններում ինչո՞ւ արտգործնախարարությունը հարցը չի տեղափոխում միջազգային հանրություն»,-հարցնում է նա:
Լևոն Շիրինյանը «դատարկ խոսակցություններ» է որակում այն պնդումները, թե միջազգային հանրությունը կհասկանա, պատասխանատվությունը ընկնի ագրեսորի վրա:
«Բայց ներողություն, 1876թ-ի Բեռլինի կոնգրեսից սկսած՝ ոչ մեկը մեզ պատասխան չի տվել: Այն ժամանակ էլ ասում էին, թե պատասխանատվությունը պետք է լինի թուրքական կամ չգիտեմ ում վրա: Բայց հիմա, ի տարբերություն առաջվա, մենք պետություն ունենք»,-ասաց նա:
Ըստ նրա, անվտանգության խորհուրդը պետք է հարցը տեղափոխի միջազգային հարթակ:
«Ասում են, թե չեն ուզում իրավիճակը սրել, բայց ինչքան պետությունն իր պետական շահերին տեր չի լինում, այնքան նրան ճնշում են և խեղճացնում են: Հիմա գնալով ճգնաժամը խորանում է, և պատասխանատվությունը խորանում է: Եթե քայլեր չեն արվում, ուրեմն պետք է մտածել նույն ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին»,-նշեց նա:










