Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի անցկացմանը

10:29 • 08.09.15

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատը հավանություն է տվել Դևիդ Քեմերոնի կառավարության առաջարկին՝ Եվրամիությանը Միացյալ Թագավորության անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

«Կողմ» է քվեարկել 316 օրենսդիր,  «դեմ»՝ 53-ը:  Ավելի ուշ հանրաքվեի հարցը պետք է ներկայացվի Լորդերի պալատի քննարկմանը:

 

Ավելի վաղ եվրոսկեպտիկների լոբբին հանդես էր եկել հանրաքվեի հարցի ձևակերպումը շտկելու պահանջով:

 

Վարչապետը ստիպված էր եղել  «Պե՞տք է արդյոք, որ Միացյալ  Թագավորությունը մնա Եվրամիության անդամ» հարցին ավելացնել «թե՞ պետք է լքի այն» արտահայտությունը։

 

Հանրաքվեն պետք է անցկացվի մինչև 2017 թվականի վերջ։ Երկրի վարչապետն անձամբ կողմ է ԵՄ կազմում մնալուն, սակայն պայմանով, որ կառույցը զգալիորեն բարեփոխվի։