Սաակաշվիլիին Ուկրաինայի վարչապետ նշանակելու մասին խնդրագիրը 25.000 ստորագրություն է հավաքել
Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին երկրի վարչապետ նշանակելու մասին էլեկտրոնային խնդրագիրը հավաքել է նախագահի քննարկման համար անհրաժեշտ ստորագրությունների քանակությունը, գրում է korrespondent.net-ը։
Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված փաստաթուղթը հավաքել է 25.571 ստորագրություն անհրաժեշտ 25.000-ի դեպքում: Խնդրագիրը ներկայացվել է սեպտեմբերի 1-ին։
«Թող մարդը վերջապես Ուկրաինայում բարեփոխումներ իրականացնի: Բավակա՛ն է հանդուրժել կոռուպցիան և բարեփոխումների ձգձգումը»,- խնդրագիրը մեկնաբանել է դրա հեղինակ Վիտալի Բիգունը:
«Էլեկտրոնային խնդրագիր» բաժինն Ուկրաինայի նախագահի կայքում բացվել է օգոստոսին: Օրենքի համաձայն՝ հրապարակումից հետո մինչև 3 ամիս ժամկետում քաղաքացիների առնվազն 25 հազար ստորագրություն հավաքած խնդրագիրն ուղարկվում է նախագահին։
Երկրի նախագահը պարտավոր է քննարկել դիմումը քննարկման մեկնարկի մասին տեղեկության հրապարակումից հետո աշխատանքային 10 օրվա ընթացքում։
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի տեսնում իրեն Ուկրաինայի վարչապետի դերում: Նա, միևնույն ժամանակ, հայտարարել է, որ երկրում իշխանությունն ամբողջությամբ կաթվածահար վիճակում է, և «անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ուկրաինական կառավարության ամբողջական վերագործարկում»:
Օրերս Սաակաշվիլին և Ուկրաինայի գործող վարչապետ Արսենի Յացենյուկը փոխանակվել են փոխադարձ մեղադրանքներով: Յացենյուկը սուտ է անվանել Սաակաշվիլիի մեղադրանքներն այն մասին, որ կառավարությունը ենթարկվում է ուկրաինացի օլիգարխներին, իսկ Օդեսայի շրջանի նահանգապետը պատասխանել է, որ Յացենյուկի կառավարությունում կոռուպցիան վնաս է հասցնում պետական կորպորացիաներին:










