Կառավարությունում ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

10:28 • 08.09.15

Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 32-ամյա  Լ. Հովհաննիսյանը, ով գլխին կրակելով`  ինքնասպանության փորձ էր  կատարել, գտնվում է նույն ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ նա վիրահատվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց բուժհամալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:


«Գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, չունի գիտակցություն, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ»,- ասաց գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ ավելացնելով, որ այն քունքային շրջանում է: Նա նաև նշեց, որ նոր վիրահատության անհրաժեշտություն բժիշկները  չեն տեսնում:

 

Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

 

Ինչպես նշեց իրավապահ համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող մի աշխատակից, նման դեպքերում այդ` ինքնասպանության հասցնելու հոդվածով գործ հարուցելը ընդունված պրակտիկա է. այն հարուցվում է, որպեսզի բացառվի այդ վարկածը: