Թուրքիայի ցամաքային ուժերը ներխուժել են Իրաք՝ PKK-ի դեմ կարճաժամկետ գործողության համար

Թուրքիայի ցամաքային ուժերը ներխուժել են Իրաք՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ կարճաժամկետ գործողության համար: Այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ինչպես հաղորդում է The Daily Star-ը, Թուրքիան հաստատել է, որ իր հատուկ ցամաքային ուժերը մտել են Հյուսիսային Իրաք՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալներին հետապնդելու համար՝ նրանց կողմից իրականացված հարձակումներից հետո: Ինչպես գրում է կայքը, Թուրքիան, միևնույն ժամանակ, շեշտել է, որ ներխուժումը կարճաժամկետ բնույթ կկրի:
«Թուրքիայի անվտանգության ուժերը հատել են Իրաքի սահմանը՝ որպես ամենավերջին հարձակումներում ներգրավված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին տաք հետքերով հետապնդելու գործողության մաս»,- AFP գործակալությանը հայտնել է Թուրքիայի կառավարությունում աղբյուրը:
«Սա կարճաժամկետ միջոցառում է, որի նպատակն է կանխել ահաբեկիչների փախուստը»,- հավելել է նա։
The Telegraph-ի հաղորդմամբ՝ Իրաքի սահմանն անցել է ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ Թուրքիայի հատուկ ուժերի երկու ջոկատ, որոնց նպատակն է հետապնդել քուրդ զինյալների 20 հոգուց բաղկացած երկու խմբերը:
Թուրքիան դիմել է այդ քայլին այն բանից հետո, երբ առնվազն տասը թուրք ոստիկան է սպանվել միկրոավտոբուսի վրա հարձակման հետևանքով: Հիշեցնենք. Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհին ոստիկանների տեղափոխող միկրոավտոբուսի վրա հարձակում էր իրականացվել։ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները ռումբ էին պայթեցրել: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսելի է եղել նաև Հայաստանում՝ մասնավորապես Ռանչպար գյուղում:









