Ասիան միլիոնատերերի թվով առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից
Հարավարևելյան Ասիան միլիոնատերերի թվով առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից։ Այդ մասին են վկայում Capgemini խորհրդատվական ընկերության և RBC Wealth Management ընկերության կազմած՝ մոլորակի տարբեր հատվածներում բնակիչների բարեկեցության մասին զեկույցի տվյալները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միլիոնատերերի թիվը 4,69 միլիոն է, Հյուսիսային Ամերիկայում՝ 4,68 միլիոն:
Հետազոտությունն անց է կացվել դեկտեմբերից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածում, այդ պատճառով արդյունքների վրա չի ազդել այս տարվա հուլիսին տեղի ունեցած Չինաստանի ֆոնդային բորսաների անկումը:
«Մի քանի ամսից մենք կիմանանք, թե արդյոք դա զգալի ազդեցություն է թողել Չինաստանում բարեկեցության աճի վրա»,- հայտարարել է Դևիդ Ուիլսոնը՝ Capgemini ռազմավարական վերլուծության խմբի ղեկավարը:
Հարավարևելյան Ասիային արդեն հաջողվել էր միլիոնատերերի թվով առաջ անցնել Հյուսիսային Ամերիկայից 2011 թվականին։










