Գյումրիում նշվել է «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման հնգամյա հոբելյանը

21:06 • 16.09.15

Գյումրիում նշվել է  «Պատվո բլուր»  հուշահամալիրի վերաբացման հնգամյա հոբելյանը: Հուշաձանի տարածքում անցկացվել է հոգեհանգստի կարգ: Արարողությանը ներկա են եղել ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

«Արմենպրեսս»-ը հայտնում է, որ ելույթի ժամանակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարևորել է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը` նշելով, որ այս հուշահամալիրը այդ բարեկամության վառ ապացույցն է: Շիրակի մարզպետն էլ իր խոսքում ընդգծել է, որ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն կարելի է համարել:


«Հինգ տարի առաջ` օգոստոսի 20-ին վերաբացվեց այս հուշահամալիրը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ նախագահները: Այս իրադարձությունը առավել սերտացրեց հայ-ռուս կան բազմադարյա բարեկամությունը: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց էր, որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին, որոնք զոհվել են հանուն ազատության:  Այսօր էլ` հինգ տարի անց, մենք այստեղ ենք, որպեսզի վառ պահենք նրանց հիշատակը, կրկին ու կրկին շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել համալիրի վերակառուցման համար»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:


Այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել հուշարձանին, այցելեցին տարածքում գտնվող  ռուսական մատուռ: «Պատվո բլու » հուշահամալիրում ամփոփված են 1855թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: 2009թ. Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ և հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան: