150 սիրիահայ իրենց բիզնեսն են հիմնել Հայաստանում. սփյուռքի նախարար

18:37 • 16.09.15

Եվրոպական երկրներում փախստականների ահռելի հոսքով պայմանավորված վիճակը ոչ թե օգնում է Սիրիայից հայ փախստականների խնդրին, այլ՝ խանգարում:

 

Այս մասին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին, որը վերաբերում էր Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների վիճակին, մանավանդ, որ Եվրոպայի փախստականների հարցը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է:  


Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ Սիրիայում այս պահին մնացել է մոտ 15 հազար հայ, որից 7-8 հազարը Հալեպում, մնացածը՝ Դամասկոսում, Քեսաբում, նախկին այլ հայաշատ քաղաքներում:

 

Սփյուռքի նախարարը նշեց, որ այդ երկրում քաղաքացիական պատերազմի կտրուկ սրումից հետո մինչ օրս Հայաստան է եկել 2.5 հազար մարդ, որոնից 300-ը  նորից վերադարձել են Սիրիա, այդ թվում՝ աշակերտներ, դպրոցական դասերին մասնակցելու համար, որոնց վերջնական թիվը առաջիկայում կճշտվի:

 

«Այսօր բավականին մեծ կարիք կա ծերանոցի և որբանոցի խնդիրները լուծելու համար, և  պետք է ասեմ, որ մենք կարողացանք բարերարներ գտնել, 30 որբ երեխա ունենք որբանոցում, 46 ծերեր, որոնցից 14-ը գամված են անկողնում, նրանց սննդի, ապրուստի խնդիրները կարգավորելու համար»,-նշեց նախարարը:

 

Նա նշեց, որ քանի որ կառավարության աջակցությամբ Քոբանիից երեք ընտանիք Թուրքիայով տեղափոխվել է Հայաստան, այսօր քննարկում են 6 հոգու տեղափոխելու հարցը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ օգնություն է անհրաժեշտ սիրիահայերին, սփյուռքի նախարարի գնահատմամբ`բնականաբար հոգեբանական և բարոյական։


«Հայաստան պետությունը, մեր ժողովուրդը պետք է բոլոր պայմանները ստեղծենք սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում արագ կազմակերպելու համար»,-ներկայացրեց սփյուռքի նախարարը:

 

Նա նշեց, որ պետությունը՝ ի դեմս կառավարության, բոլոր քայլերը ձեռնարկում է սիրիահայերի սոցիալական, առողջապահական խնդիրները կարգավորելու համար:

 

Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ 150 սիրիահայ իրենց բիզնեսն են հիմնել Հայաստանում և եթե առաջին երկու տարիներին նրանց մոտ սպասողական դրություն էր, սպասում էին, որ պատերազմը կավարտվի, ապա հիմա՝ ոչ: