Չկա մի երկիր, որ սահմանին ֆիքսված արժեքով գազը սպառողին հասցվի կրկնակի գնով. Հովհաննես Մարգարյան
ԱԺ գազի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Tert.am-ի հետ զրույցում հերթական զավեշտ է համարում «Գազպրոմ Արմենիայի» այն հայտարարությունը, թե սահմանին գազի գնի էժանացումը 24 դոլարով, չի ազդի գազի իրացման սակագների վրա:
Նա հարց է տալիս, որ եթե դոլար-դրամ փոխարժեքի մասին են խոսում, այդ դեպքում ինչո՞ւ 2-3 տարի առաջ, երբ դոլարի փոխարժեքը 320-330 դրամ էր, նման հաշվարկ չէին անում:
«Այդ դեպքում ընկալելի կլիներ մեզ համար: Ստացվում է, որ երբ դրամն արժեզրկվում է, միանգամից վերանայում են, իսկ երբ կայունանում է, ընդհանրապես չեն վերանայում»,-ասաց նա:
Հովհաննես Մարգարյանը խոսքով՝ չկա մի այդպիսի երկիր, որ սահմանին ֆիքսված արժեքը, սպառողին հասցվի կրկնակի գնով:
«Երբ այդքան ճանապարհ է անցնում, հասցվում է սահման և մեկ կիլոմետր սահմանից այս կողմ կրկնապատկվում է և 100 տոկոսով ավելի է վաճառվում ու դեռ էժանացվելու դեպքում չի էլ անդրադառնում սպառողին հասցվող սակագնի վրա»,-ասաց նա:
Նշենք, որ ռուսական գազը սահմանին վաճառվում էր խմ-ը 189 դոլարով, որն արդեն դարձել է 165 դոլար, իսկ սպառողին է վաճառվում 360 դոլարով:
Ըստ Հովհաննես Մարգարյանի՝ սա խոսում է այն բանի մասին, որ գործ ունենք մոնոպոլ կառույցի հետ: «Եթե մոնոպոլ չլիներ, 2-3 ներկրող լիներ, այդպես չէր լինի»,-ասաց նա:










