ԵՏՄ անդամակցության հարցում մեր դիրքորոշումը սխալ չէր, բավական է տեսնել՝ ինչ եղավ Ուկրաինայում. Ա. Ռուստամյան

19:21 • 17.09.15

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ ՀՅԴ–ն չէր սխալվում, երբ ողջունում էր Հայաստանի Մաքսային միությանը միանալը՝ հենց անվտանգության համակարգերի առումով: «Մենք չունենք, անվտանգության որևէ այլ այլընտրանքային համակարգ, և քանի որ չունենք, պետք է ամրապնդենք այն, ինչ որ գոյություն ունի: Դա էր մեր հայտարարությունների ու համոզումների հիմքում ընկած: Իսկ որ ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված մեր  ...»։


-Պարո՛ն Ռուստամյան, 2013–ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտնի դարձավ Մաքսային միություն մտնելու մասին, առաջինը Դաշնակցությունն էր, որ ողջունեց դա՝ Հայաստանի անվտանգության նկատառումներով: Հիմա, երբ սահմաններին կրակում են, իսկ ՀԱՊԿ-ը որևիցե հայտարարությամբ հանդես չի գալիս, չի՞ ստացվում, որ ՀՅԴ-ն այն ժամանակ սխալվում էր՝ ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի հետ ավելի մեծ հույսեր փայփայելով:
 

- Բացարձակ, մենք չունենք, անվտանգության  որևէ այլ այլընտրանքային համակարգ, և քանի որ չունենք, պետք է ամրապնդենք այն, ինչ որ գոյություն ունի: Դա էր մեր հայտարարությունների ու համոզումների հիմքում ընկած: Իսկ որ ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված մեր դիրքորոշումը, ոչ թե սխալ չէր, այլ պատմությունը ցույց տվեց, որ շատ արդարացված էր, բավական է նկատի ունենալ միայն այն, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում: Թե ինչպես այդ նույն խնդրի հետ կապված, ինչպես պայթեց երկիրը: Այսինքն՝ ուրիշ փաստեր պետք չեն՝ ապացուցելու, որ այդ ընտրությունը ճիշտ էր:
 

-Բայց այն, ինչ հիմա կա, Ձեզ գոհացնո՞ւմ է, այսինքն՝ այն, որ ոչ մի հայտարարություն չեն ընդունում հայ–ադրբեջանական սահմանային լարվածության մասով:
 

- Իհարկե, չեն գոհացնում, որովհետև շատ հարցեր կան, որոնք մնացել են կիսատ լուծված և խնդիրներ էլ կան, որոնք նույն մեր բնակչության համար են անտրամաբանական դաշտում են գտնվում: Մասնավորապես, ես գիտեմ, որ այս տարի Լարսի անցման այդ մասում շատ լուրջ պրոբլեմներ են ունեցել մեր հայրենակիցները, որոնք ուզեցել են տրանզիտ եղանակով Վրաստանից անցնել դեպի Հայաստան: Այդ տեխնիկական դժվարությունները՝ տեխնիկական,  արհեստական խոչընդոտները առաջացրել էր ռուսական կողմը, ոչ թե վրացական: Ու մենք այդտեղ շատ լուրջ հարց ունենք, թե ինչու պետք է օրինակ՝ նման  տհաճ, անբարենպաստ և անմարդկային պայմաններում մեր հայրենակիցները երկար ժամանակ մնան սահմանի վրա:

 

-Դաշնակցության դիրքորոշումը ՄՄ-ի, ԵՏՄ-ի, ՀԱՊԿ–ի հարցում էլի՞ նույնը կմնա, եթե օրինակ՝ պարզվի, որ մի օր Ադրբեջանը  ևս անդամակցում է ԵՏՄ-ին: Ինչո՞ւ, որովհետև հիմա բոլոր վերլուծաբանները նշում են, որ Ադրբեջանը, կռվելով արտաքին աշխարհի հետ,  հետևողականորեն տեղափոխվում է դեպի ռուսական քաղաքական հովանի:
 

-Մեկը մյուսի հետ կապ չունի, մենք մեր ընտրությունը կատարել ենք, եթե ԵՏՄ անդամ լինի, դա հավելյալ հնարավորություն կտա՝ ազդելու Ադրբեջանի վրա: Երբ դու գտնվում ես նրա հետ նույն կառույցում, այն ունի իր օրենքները, և, բնականաբար, կարծում եմ, որ հենց այդ տրամաբանությամբ Հայաստանը պետք է օգտագործի իր կարգավիճակը այդ կառույցում, զսպելու համար մյուս երկրի, այդ դեպքում՝ նույն անդամ կազմակերպության երկրին անօրինական պահանջներն ու ոտնձգությունները:
 

- Սահմանադրության հետ կապված. Երեկ նորից հիմնավորեցիք, թե ինչու եք «այո» ասում: Հաշվի առնելով, որ «ոչ» ասողները հիմնականում վերարտադրության խնդիրն են մատնանշում, իսկ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ բաց տեքստով ասաց, որ Սերժ Սարգսյանը ո՞ւմից է վատ, ինչու պետք է տանը մնա,  այս դեպքում սա ձեզ չի՞ զգուշացնում:


-Մարգարիտ Եսայանը պաշտպանում է իր կուսակցության ղեկավարին, դա բնական է: Իսկ ինչ վերաբերում է վերարտադրությանը, ինքը մնալու մասին չէր ասում, ասում էր՝ տունը նստի՞: Ինչ է հակասահմանադրական պայքարը նախագահին ոչնչացնելու խնդիր ունի՞:
 

-Դե ընդդիմախոսների ելակետն այն է, որ վերարտադրության խնդիր է լուծվում:
 

-Կրկնում եմ՝ տանը պետք է նստի՞,որ վերարտադրվել չլինի: Այդտեղ է հարցը, որ բոլոր նրանք, ովքեր վերարտադրության մասին են խոսում, վերարտադրության ճիշտ ձևակերպումը չեն տալիս: Վերարտադրությունն այն պատճառով չէ, որ անձն է մնում. մենք ունեցել ենք 3 նախագահների փոփոխություն, բայց վերարտադրությունը դրանից պակասե՞լ է, փոխվե՞լ են նախագահները: Թող իրենք այդ հարցին, նախ, պատասխանեն: Եվ վերարտադրությունն ուղղակի անձի փոփոխության հետ կապված չէ, որ չվերարտադրվի, որովհետև անձինք փոխվել են, բայց վերարտադրությունը պահպանվել է: Վերարտադրությունն առաջանում է այն պատճառով, որ իշխանությունները չեն փոխվում՝ ընտրությունների միջոցով: Սա է եղել Հայաստանի ողջ պատմության ընթացքը: Խոսքը իշխանության, ոչ թե անձի փոփոխության մասին է: Եվ այդ չփոխվելը մենք մեր աչքի առաջ տեսել ենք: Հիմա կարող է՝ Սերժ Սարգսյանը չլինի, նրա իրավահաջորդը լինի, ինչ՝ վերարտադրություն չեղա՞վ: Այսինքն՝ այդ պահանջներ դնողներն իրենք էլ չեն պատկերացնում՝ ինչ են ուզում: Վերարտադրության հիմքում ընկած է համակարգը, քանի այն չի փոխվել, դա լինելու է: Հենց այդ վերարտադրության դեմ ենք, որ Սահմանադրությունը փոխվում է: Ու որպեսզի այդ վերարտադրության հարցը նման ցավագին ձևով չընդունվի, մարդիկ պետք է հասկանան, որ գործող համակարգում է, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ: Սա փոխում է ամեն ինչ, սա հնարավորություն է տալիս, որ մրցակցությունը լինի հավասար, որ եթե մարդիկ իշխանության գան, այն լինելու է հավասարակշռված, ոչ թե անսանձ և մեկի ձեռքում: Դրա համար, նորից կրկնում եմ, որ չեմ հասկանում մարդկանց, ովքեր այդ պահանջները դնում են, բայց զարմանում են, երբ դրանք բավարարվում են ու սկսում են դեմ խոսել։