Այժմ Հայաստանը պետք է «համակրի» քրդերին, քանի որ նրանք կռվում են Թուրքիայի դեմ. Լևոն Շիրինյան
Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ քրդերի հետ բախումները, Հայաստանի համար ունեն անվտանգության մեծ նշանակություն: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Քանի որ Թուրքիան հզորացել է, իսկ այդ երկիրը, երբ հզորանում է, դառնում է «անկառավարելի արնախում», հետևապես պետք է Հայաստանի հետ իր հզորությունը «չափեր», հիմա ոտք ու ձեռքով խրվել է ուրիշ տեղ, դա լավ է»,- ասաց Լևոն Շիրինյանը՝ նշելով, թե շատ լավ է, որ Թուրքիան խնդիր ունի քրդերի հետ, հիմա Հայաստանը պետք է համակրի քրդերին մի պատճառով, որ նրանք կռվում են թուրքերի դեմ:
Քաղաքագետի գնահատականով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետական հեղաշրջում է անում. նրա «փորացավը», ըստ Շիրինյանի, քրդամետ կուսակցությանը խորհրդարանից դուրս քշելն է:
«Դա շովինիզմ է, ֆաշիզմ և պանթյուրքիզմ: Որպեսզի առաջիկա ընտրությունները չկայանան, կամ էլ կարողանան ընտրությունները կանխավ իրենց թուրք էթնոսի համար ապահովվել, ուրեմն պետական հեղաշրջում են անում»,- ասաց նա:
Թեև քաղաքագետը նշում է, որ Հայաստանի համար անվտանգության խնդիր կա, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է, որ Հայաստանն իր գործընկեր Ռուսաստանի հետ ունի ռազմավարական գործընկերության երկարաժամկետ պայմանագիր, այնպես որ այդ համագործակցությունը Հայաստանին բացարձակ անվտանգ է դարձնում:
«Բացի այդ էլ, մեր բանակը կայուն, հաստատակամ է. Ադրբեջանի գործողություններին Արցախի պատասխանը՝ որպես ասածիս օրինակ: Քանիցս ասել եմ, որ ռուսները Ադրբեջանին զենք վաճառելով՝ նրանց նավթադոլարներն են մսխում»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Ինչ վերաբերում է «Իսլամական պետությանը», ապա քաղաքագետն ասաց. «Այն խոսակցությունները, թե «Իսլամական պետությունը» կմոտենա մեր սահմաններին, դա հայ վերլուծաբաններն են հնարել և փաթաթում են Հայաստանի վզին»:
Անդրադառնալով 2016 թվականին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու գործընթացին, Լևոն Շիրինյանն ասաց, թե Հայաստանի համար գլխավորը պետք է լինի Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը պահելը և նոր որակ հաղորդելը՝ որպես իրավահավասարներ:
«Մնացածն արդեն երկրորդական է, կա զենքի, փոխհարաբերությունների խնդիր, ով շահագրգիռ է, Հայաստանի հետ կհամագործակցի, ով շահագրգիռ չէ, իր խնդիրն է»,- նշեց նա:










