Մահացել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի ամենահայտնի երկրպագուն (լուսանկարներ, տեսանյութ)
Տխուր լուր է ստացվել Հարավային Ամերիկայից. վաթսուն տարեկանում կյանքից հեռացել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի ամենահայտնի երկրպագու Կլովիս Ֆերնանդեսը։ Երկրպագուն ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի 7 առաջնություններին և նրան սպասում էին նաև Ռուսաստանում՝ 2018թ. աշխարհի առաջնությանը, գրում է Комсомольская правда-ն։
Ֆերնանդեսը վերջին 9 տարվա ընթացքում պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Ֆերնանդեսը, որը հայտնի էր որպես «Գաուչո դե Կոպա», ամբողջ աշխարհում հայտնի էր դարձել 2014-ի ամռանը։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում բրազիլացիների պարտությունից հետո արագությամբ տարածվեցին նրա լուսանկարները, որոնցում տարեց երկրպագուն լալիս է՝ Աշխարհի գավաթի կրկնօրինակը ձեռքին։ Ավելի ուշ, հայտնի էր դարձել, որ իր այդ գավաթը նա նվիրել է Գերմանիայի հավաքականի երկրպագուներին։













