Ադրբեջանում լրագրող է անհետացել

09:29 • 17.09.15

Ադրբեջանական Meydan TV առցանց ռեսուրսի լրագրող Շիրին Աբասովն անհետացել է, տեղեկացնում է contact.az-ը:

 

Նա գնացել է համալսարան՝ դասերի մասնակցելու, և այլևս չի վերադարձել։ Նրա հեռախոսն անջատված է, իսկ ինքը մերձավորների ու գործընկերների հետ չի կապվել։

 

Ենթադրվում է, որ Աբասովը գուցե առևանգվել է, ինչպես մեկ այլ լրագրող Այթաջ Ահմեդովան։

 

Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Ահմեդովային սեպտեմբերի 16-ին բռնել են փողոցում, նստեցրել մեքենան ու տարել։

 

Նրան սպառնացել են, համոզել են հրաժարվել ընդդիմադիր աշխատանքից ու իշխանությանը քննադատելուց, ապա ազատ են արձակել։

 

Բացառված չէ, որ Շիրին Աբասովը նույն տեղում է: Թղթակիցն ակտիվ է եղել իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների, ինչպես նաև ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավարությունների ընթացքում:

 

Աբասովին հաջողվել էր բացառիկ կադրեր նկարահանել, և ոստիկանությունը նրա դեմ որս էր սկսել՝ փորձելով պատժել, գրում է լրատվամիջոցը։