ՄԱԿ-ն «անընդունելի» է որակել Հունգարիայի վերաբերմունքը փախստականների նկատմամբ

13:37 • 17.09.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն անդրադարձել է հունգարացի ոստիկանների կողմից փախստականների ամբոխի դեմ արցունքաբեր գազի կիրառման դեպքին` տեղի ունեցածն «անընդունելի» անվանելով։

 

Ինչպես հայտնում է english.alarabiya.net-ը, արցունքաբեր գազից զատ ոստիկանները նաև ջրցան մեքենաներ են կիրառել Սերբիայի հետ սահմանին կուտակված փախստականների նկատմամբ։

 

«Ես պարզապես շոկի մատնվեցի` տեսնելով, թե ինչպես են վերաբերվում ապաստան խնդրող փախստականներին ու ներգաղթյալներին: Դա անընդունելի է: Այդ մարդիկ փախչում են պատերազմներից ու հետապնդումներից: Մենք պարտավոր ենք նրանց օգնության ձեռք մեկնել ու մարդկային վերաբերմունք ցույց տալ»,-ասել է պաշտոնյան:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ հունգարացի ոստիկանները 4 ժամ շարունակ բախման մեջ են եղել հարյուրավոր փախստականների հետ։

 

Հայտնի է, որ Հունգարիայի իշխանությունները փակել են իրենց սահմանները փախստականների առաջ, ովքեր ամեն գնով ցանկանում են Եվրոպա մուտք գործել։