Մենք «այո»-ի դիմաց մանդատ չենք խոստանում. Սամվել Նիկոյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին
Սահմանադրական բարեփոխումներին դեմ են արտահայտվում նրանք, ովքեր ունեն նախագահի թեկնածու առաջադրելու ցանկություն: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: ՀՀԿ-ական պատգամավորը չբացառեց, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինեն նաև այն քաղաքական ուժերը, որոնք «ոչ» են ասել Սահմանադրական փոփոխություններին: «Բնական է, որ նրանք, ովքեր դեմ են Սահմանադրական բարեփոխումներին, պետք է վարկաբեկեն այն կուսակցություններին, որոնք կողմ են նախագծին: Ուստի նաև վիրավորում ու խեղաթյուրում են իրականությունը: Մենք «այո»-ի դիմաց մանդատ չենք խոստանում: Մանդատը տալիս է հասարակությունը»:
- Սահմանադրական բարեփոխումների նախագծի շրջանառությունից ի վեր ընդդիմադիր թևից չեն դադարում հայտարարություններն այն մասին, որ այս փոփոխությունների միջոցով իշխանությունները վերարտադրվում են, որ Սերժ Սարգսյանը դառնալու է «գենսեկ»: Ինչո՞ւ չի հաջողվում փարատել այս մտահոգությունը:
- Տևական ժամանակ է Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշումներն այլևս կապված չեն Սահմանադրության բուն էության հետ: Քննարկումները տարվում են զուտ քաղաքական հետաքրքրությունների շրջանակներում, ոչ ավելին: Սահմանադրական փոփոխությունները քննադատում են, դրանց «ոչ» են ասում այն քաղաքական ուժերը, անհատները, խմբավորումները, ովքեր տեսականորեն մտածում են, որ գործող Սահմանադրությամբ իրենք նախագահի թեկնածու կառաջադրեն: Ինձ համար միանշանակ է, որ Սահմանադրական բարեփոխումներին դեմ են արտահայտվում նրանք, ովքեր ունեն նախագահի թեկնածու առաջադրելու ցանկություն: Բացի դրանից, «ոչ» են ասում քաղաքական այն ուժերը, ովքեր դեմ են այն ամենին, ինչ իշխանությունն է ձեռնարկում՝ չմտնելով բովանդակային քննարկման մեջ, որովհետև գիտեն, որ մանիպուլյացիայի ենթարկելը հեշտ չի լինի, նրանց հեշտ հակափաստարկներ կբերվեն:
- «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները բովանդակային քննարկումների մեջ չմտնելու իրենց կեցվածքը բացատրում են հետևյալ կերպ. Սահմանադրական բարեփոխումների օրակարգը կեղծ է և իրենք կլեգիտիմացնեն կեղծ օրակարգը, եթե բովանդակային քննարկում սկսեն:
- Կե՞ղծ է օրակարգը, թե՞ ոչ, որոշելու է ժողովուրդն՝ իր քվեարկությամբ: Իսկ օրակարգն, ընդհանուր առմամբ, բոլոր երկրներում, ձևավորում է քաղաքական էլիտան: Սահմանադրական փոփոխությունների բոլոր նախաձեռնությունները, որոնք ներկայացվել են նախորդ տարիներին, ևս բերվել են քաղաքական էլիտայի կողմից, ոչ թե հանրությունից:
- Մտահոգություն կա, որ հասարակության լայն շրջանակներում Սահմանադրական բարեփոխումների մասին պատշաճ տեղեկացվածություն չկա:
- Որևէ հասարակության մեջ լայն հատվածը երբեք էլ Սահմանադրական փոփոխությունները խորությամբ չի կարող տիրապետել, դա բարդ փաստաթուղթ է, ու դա հասկանալը, դրան տիրապետելը փոքր հատվածին է տրված: Հանրությունը ձևավորում է իր պատկերացումները քաղաքական դաշտի մոտեցումների հիմքում: Մարդիկ երկու տարի է բոլոր հնարավոր միջոցներով տեղեկացվել են այս փոփոխությունների մասին: Յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ խնդրին, եղել են լսումներ, դրա քննարկումները տեղադրվել են բոլոր կայքերում, հեռարձակվել են հեռուստատեսությամբ, ամեն ինչ հրապարակային է:
- Սահմանադրական բարեփոխումների դեմ ստեղծված «Ոչ»-ի ճակատը փորձելու է ձախողել փոփոխությունները: Այս ուժերի միավորումը ձեզ չի՞ անհանգստացնում:
- Իրենց իրավունքն է: Մենք էլ իրացնելու ենք օրենքով սահմանված միջոցներով մեզ տրված իրավունքները: Կրկնում եմ՝ դատավորը ժողովուրդն է:
- Վենետիկի հանձնաժողովը կարևորել էր քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիան: Հանրապետության Նախագահի հետ հանդիպած ուժերից շատերը դեռևս վերջնական դիրքորոշում չեն հայտնել: Քաղաքական մակարդակում կոնսոլիդացիա կա՞:
- Լայն կոնսոլիդացիան անհրաժեշտ է Սահմանադրական փոփոխությունների համար: Հանրապետության Նախագահը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով էր հրավիրել ու հանդիպել հայաստանյան գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, բացատրել մոտեցումները, տեսակետները, լսել նրանց մտահոգությունները, որոնց մեծ մասը եկել էին նախագծի՝ որոշակի առումով չիմացությունից: Կարող եմ վստահեցնել, որ հիմա շատ պրոցեսներ հաղթահարված են: Քվեարկության օրը կհամոզվեք լայն կոնսոլիդացիայի առկայության մեջ: Այն, կարծում եմ, ձևավորված է, որովհետև այս ուղղությամբ տարված բոլոր աշխատանքները տվել են իրենց դրական արդյունքը: Միամիտ չենք լինի կարծելու, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական սեկտորը, միանշանակ դրական կընդունեն այս փոփոխությունները բազմաթիվ պատճառներով, ինչի մասին ես խոսեցի սկզբում:
- Հաջորդ գումարման խորհրդարանում ներկայացվելու են քաղաքական այն ուժերը, որոնք «այո» կասե՞ն Սահմանադրական փոփոխություններին:
- Հնարավոր է, որ քաղաքական այն ուժերը, որոնք «ոչ» կասեն փոփոխություններին, հայտնվեն հաջորդ պառլամենտում, եթե մասնակցեն խորհրդարանական ընտրություններին և ստանան ժողովրդի աջակցությունը:
- Պարզապես կան տեսակետներ, որ քաղաքական այն ուժերը, որոնք դեմ էին արտահայտվում Սահմանադրական փոփոխություններին, բայց հիմա կողմ են, իշխանությունների կողմից ստացել են հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու խոստում: Այդպե՞ս է:
- Բնական է, որ նրանք, ովքեր դեմ են Սահմանադրական բարեփոխումներին, պետք է վարկաբեկեն այն կուսակցություններին, որոնք կողմ են նախագծին: Ուստի նաև վիրավորում ու խեղաթյուրում են իրականությունը: Մենք «այո»-ի դիմաց մանդատ չենք խոստանում: Մանդատը տալիս է հասարակությունը:
-Մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո ՀՀ իշխանությունները հրաժարվելու են սահմանադրական փոփոխությունների անցկացման գաղափարից, որովհետև Ռուսաստանը դեմ է դրան, ուստի աջակցում է նաև «Ոչ»-ի շարժմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Նախ ասեմ, որ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվելու այս գաղափարից: Միանշանակ է, որ մենք գնալու ենք Սահմանադրական բարեփոխումների ու այս հարցում որևէ տարակարծություն, որևէ կասկած անհասկանալի է, անընդունելի: Եթե կան մարդիկ, խմբավորումներ, քաղաքական ուժեր, ովքեր կասկածի տակ կդնեն անհրաժեշտությունը, ապա նրանք ունեն նախագահի սեփական թեկնածու: Ինչ վերաբերում է ՌԴ վերաբերմունքին, ապա նշեմ, որ Ռուսաստանը որևէ կերպով չի արտահայտել իր բացասական վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումների հարցում: Ռուսաստանը համարում է, որ դա մեր երկրի ներքին խնդիրն է և հարցը պետք է լուծվի հայ ժողովրդի կողմից: Սա մտնում է հայ-ռուսական բարեկամական, գործընկերային մոտեցումների մեջ:










