Տաջիկստանի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր կուսակցության բոլոր հիմնական անդամներին
Տաջիկստանի ոստիկանությունը մեկ օրվա ընթացքում ձերբակալել է «Իսլամական վերածնունդ» ընդդիմադիր կուսակցության բոլոր հիմնական անդամներին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրի հավաստմամբ՝ ձերբակալվել են կուսակցության փոխնախագահ Մահմադալի Հաիթը, առաջին փոխնախագահ Սաիդումար Հուսայնին, քաղաքական խորհրդի անդամներ, այլ կարևոր պաշտոնյաներ։
Նրանց դեռևս որևէ մեղադրանք չի առաջադրվել։
«Հույս ունեմ, որ միջազգային հանրությունն ու տաջիկ հասարակությունը պարզապես դիտորդ չեն լինի և իշխանություններին կոչ կանեն ազատ արձակել կուսակցականներին»,- հայտարարել է կուսակցության՝ ներկայում երկրից դուրս գտնվող առաջնորդ Մուհիդդին Քաբիրին։
Հիշեցնենք, որ երեկ Տաջիկստանի ուժայինները սպանել էին ապստամբ գեներալ Աբդուհալիմ Նազարզոդային։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տաջիկստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Աբդուհալիմ Նազարզոդայի և պաշտպանության նախարարության գնդապետ Ջունայդուլո Ումարովի դեմ՝ Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով:
«Նազարզոդայի և Ումարովի դեմ քրեական գործեր են հարուցվել 179-րդ (ահաբեկչություն), 305-րդ (պետական դավաճանություն), 307-րդ (ծայրահեղական միության կազմավորում) և 309-րդ (դիվերսիա) հոդվածներով»,- ասվել էր գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
Քննչական մարմինների տվյալներով՝ Ումարովը և Նազարզոդան սեպտեմբերի 4-ի առավոտյան Դուշանբեում և Վահդատում զինված հարձակումների կազմակերպիչներն են։










