Սահմանդրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով. Վ. Պողոսյանի պատասխանը՝ Ն. Փաշինյանին

13:31 • 17.09.15

 

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց՝ իր իսկ խոսքով իրականությունից բխեցրած համեմատություններով:
 

Նա մի քանի օրինակ բերեց, որ օրինակ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարդ է սպանել, երեք անգամ դատված է եղել, բայց դա չի խանգարել, որպեսզի նա վերանշանակվի մարզպետի պաշտոնում:
 

Հաջորդ օրինակը վերաբերում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով պատգամավորի պնդմամբ, մարդ է ծեծել և դա կոծկվել է:  «Հիմա հարց, գործող Սահմանադրության ո՞ր դույթները և դրույթների ո՞ր խումբն է թույլ տվել կոռուպցիայի չարաշահման այս երևույթները և Ձեր ներկայացված նախագծով ո՞ր դրույթներն են, որ բացառելու են այս երևույթները»,- հարցրեց նա:
 

Հիմնական զեկուցող, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ եթե հարցումներից գա այն եզրահանգման, որ կարող է գոյություն ունենալ մի Սահմանադրություն, որը կբացառի ցանկացած չարաշահման երևույթները, ինչպես Փաշինյանը մեկնաբանեց, ապա այդպիսի սահմանադրություններ չկան:
 

«Սահմանադրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով և սահմանադրություններն  ավելի մեծ հավանականություն ունեն կյանքի կոչվել Սահմանադրության հոգուն և տառին համապատասխան, եթե  նրանք նախատեսում են հավասարակշռված իշխանական համակարգ, որտեղ իշխանության որևէ ճյուղ մյուսի նկատմամբ գերակայություն չունի, այդ դեպքում առնվազն արդարադատության միջոցով, դատական իշխանության միջոցով բոլոր չարաշահումները վեր կհանվեն»,-ասաց նա:
 

Վարդան Պողոսյանը նշեց, որ իրենք նախագծում փաստել են, որ պետականության ստեղծումից քառորդ դար անց դեռևս չունենք այդպիսի համակարգ նաև դատական իշխանության, որը կբավարարի հանրության կարիքներին:

 

«Հետևաբար հարցն այդ ռակուրսով բարձրացնելուց կարող եմ ասել միայն, որ ինչքան քաղաքական գործընթացները թափանցիկ են, որքան մեծ է հաշվետվողականությունը, ինչքան մեծ է հնարավորությունը ԱԺ-ում,  ժողովրդի ներկայացուցչական մարմնում այդ հարցերը քննարկելու, քննադատելու և անհրաժեշտության դեպքում քաղաքական սանկցիաներ գործադրելու, այդքան մեծ են հնարավորությունները, որպեսզի ձեր կողմից  բարձրացված հիմնախնդիրները նվազեն և իդեալական պայմաններում գոյություն չունենան: Սահմանադրությունն ավելին չի կարող անել»,-ասաց նա:
 

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց և եզրակացրեց, թե իրականում կարևոր բան ասվեց, որ սահմանադրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով: «Դուք հիմնավորեցիք, որ Սահմանդրությունը փոխելուց առաջ եթե կյանքի չի կոչվում, ուրեմն պետք է փոխել այն մարդկանց, ովքեր կյանքի չեն կոչում»,-ասաց նա: 
 

Ի պատասխան Վարդան Պողոսյանն ասաց. «Ուրույն մեկնաբանություն տվեցիք, բայց պետք է բարեխիղճ լինելու համար ասեիք, որ նաև նշեցի, որ Սահմանադրությունը եթե լինի այնպիսին, որ թույլ չտա կամ քչացնի այն հնարավորությունները, որ իշխանություն ունեցողները հնարավորություն չունենան հնարավորինս չարաշահել»,-ասաց նա: