Ֆրանսիայում արգելել են սոլյարիների օգտագործումը

12:26 • 18.09.15

Ֆրանսիայի Սենատն ընդունել է նոր օրինագիծ, որն արգելք է սահմանում արհեստական արևայրուք ստանալու համար նախատեսված սոլյարիների օգտագործման համար։

 

Ինչպես նշում է Euromag-ը, օրենքն ուժի մեջ կմտնի 2017թ.: Աղբյուրը մանրամասնում է, որ ֆրանսիացի օրենսդիրները նման որոշում են կայացրել` հաշվի առնելով այն վտանգները, որոնք սոլյարին ներկայացնում է մարդու առողջության համար։

 

Սենատորներից մեկը` Ժան- Ֆրանսուա Լոնժոն, ընդգծել է, որ սոլյարիների օգտագործումը հանգեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման։ Պաշտոնյան նաև հավելել է, որ անցած 10 տարում այդ հիվանդության առաջացման դեպքերը կրկնապատկվել են։

 

Աղբյուրը հավելում է, որ տվյալ արգելքի գլխավոր ընդդիմախոսներից է երկրի առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը, ով թեև ընդունում է սոլյարիի հասցրած վնասը, այնուհանդերձ համաձայն չէ սահմանված արգելքի հետ։