Բեռլինում ոստիկանի վրա հարձակվելու հետևանքով իսլամիստ է սպանվել

08:54 • 18.09.15

Բեռլինում սեպտեմբերի 17-ին իսլամիստը հարձակվել է ոստիկանի վրա, ինչի հետևանքով էլ գնդակահարվել է։

 

Իրավապահները կանչով ժամանել են Շպանդաու թաղամաս, որտեղ տղամարդը դանակով սպառնացել է անցորդներին։ Երբ ոստիկանության աշխատակիցները դուրս են եկել ավտոմեքենայից, նա հարձակվել է նրանց վրա և ոստիկաններից մեկին վիրավորել որովայնի հատվածում։ Երկրորդ ոստիկանը մի քանի անգամ կրակել է տղամարդու ուղղությամբ։ Հարձակվողին փրկել չի հաջողվել, գրում է Deutsche Welle-ն։

 

Գերմանական դատախազության տվյալներով՝ 41-ամյա տղամարդը 2008-ին դատապարտվել է 8 տարվա ազատազարկման՝ «Անսար ալ- Իսլամ» ահաբեկչական խմբավորման գործողություններին մասնակցելու համար։ Նա գտնվում էր հսկողության տակ և պետք է էլեկտրոնային ապարանջան կրեր։

 

Իրավապահները խուզարկություն կանցկացնեն նրա բնակարանում և կստուգեն ահաբեկչական հարձակումների նախապատրաստություններին նրա մտադրությունները։

 

«Հետաքննությունը տարվում է բոլոր ուղղություններով»,- ասել է սենատոր Ֆրանկ Հենկելը՝ նշելով, որ չեն բացառվում հարձակվողի կրոնական դրդապատճառները։