Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատ է արձակվել

09:47 • 18.09.15

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ երեկոյան ազատ է արձակել նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային, հայտնում է Интерфакс-ը։

 

Որոշումը կայացվել է Վրաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման հիման վրա։

 

Սահմանադրական դատարանը նախօրեին որոշել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմը, որը թույլ է տալիս նախնական կալանքի տակ գտնվել ավելի քան 9 ամիս, հակասահմանադրական է։ Ուգուլավան, ով հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան, նախնական կալանքի տակ է գտնվել 14 ամիս։

 

Սահմանադրական դատարանի որոշման անհապաղ կատարման անհրաժեշտության մասին հայտնել էր նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

 

Ուգուլավան ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 2-ին՝ Թբիլիսիի օդանավակայանում, Կիև մեկնելուց առաջ։ Նրա դեմ հարուցվել է մի քանի քրեական գործ՝ ապօրինի եկամուտների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անկարգությունների կազմակերպման վերաբերյալ։