ՌԴ-ում հրապարակվել է այն երկրների ցանկը, որոնք պոտենցիալ վտանգավոր են թռիչքների համար

17:31 • 17.11.15

Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցանկը, ուր թռիչքներ իրականացնելիս խորհուրդ է տրվում հետևել անվտանգության հատուկ միջոցների, գրում է interfax.ru-ն։

 

«Խորհուրդ է տրվում Ավստրիայի, Ալժիրի, Ալբանիայի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Բանգլադեշի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Կիպրոսի, Քուվեյթի, Լիբիայի, Լիբանանի, Մարոկկոյի, Մալայզիայի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մյանմայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, ԱՄՆ-ի, Սուդանի, Թաիլանդի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Թունիսի, Ֆրանսիայի, Ֆիլիպինների, Չեռնոգորիայի, Ուգանդայի, Ուզբեկստանի և Շրի Լանկայի օդանավակայաններ ուղղվելիս և այդ օդանավակայաններից մեկնելիս հետևել անվտանգության հատուկ միջոցների»,- interfax.ru գործակալությանը հայտնել է ավիաընկերություններից մեկում աղբյուրը։

 

Նա հայտնել է, որ ավիափոխադրողներին խորհուրդ են տվել խուսափել ջրի պաշարների և չոր սննդի լրացումից այդ երկրների օդանավակայաններում: Դրա փոխարեն պաշարները հարկավոր է լրացնել ռուսական օդանավակայաններում։

 

«Խորհուրդ է տրվել նաև հնարավորինս կազմակերպել օդանավերի տեխնիկական սպասարկումը սեփական տեխնիկական կազմերի և անձնակազմի ուժերով»,- ասել է աղբյուրը:

 

Անձնակազմերին խորհուրդ է տրվել հետևել, թե ինչպես են օտարերկրյա օդանավակայանների աշխատակիցները  սպասարկում օդանավերը և իրականացնում ուղևորների վայրէջքը։