The National-ը հայտնել է ԱՄԷ-ի հյուրանոցներում և առևտրի կենտրոններում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Ահաբեկչության մեջ ներգրավվածության համար կասկածվող ավելի քան 40 մարդուց բաղկացած խումբը պայթյուններ էր պատրաստում Արաբական Միացյալ Էմիրությունների առևտրի կենտրոններում և հյուրանոցներում, գրում է РИА Новости-ն՝ արաբական The National-ին հղումով։
ԱՄԷ-ի բարձրագույն դատարանում այդ գործով լսումները կայացել են երկուշաբթի օրը։ Հաջորդ լսումները նշանակված են դեկտեմբերի 8-ին։
«Շաբաբ ալ-Մանարա» խմբավորման ստեղծման համար կասկածվողներին մեղադրանքներ են ներկայացվել ահաբեկչությունների և «իսլամական խալիֆայության» ստեղծման նպատակով պետական հեղաշրջման պատրաստման համար։
2011 թվականից խմբավորումը պայթյուններ էր պատրաստում հանրային վայրերում։
Դատախազության հայտարարության համաձայն՝ կասկածյալներն անօրինական զենք և զինամթերք են ներկրել, պայթուցիկ պատրաստել, ինչպես նաև գումար և կամավորներ ուղարկել օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ «Իսլամական պետությանը», Սիրիայում կռվող «Ջեբհաթ ան-Նուսրային» և «Իրանական Բելուջիստանի ազատագրման ճակատին»։
Բացի այդ, նրանք մեղադրվում են ինտերնետային կայքերը և այլ տեղեկատվական տեխնոլոգիաներ իրենց գաղափարների քարոզչության համար օգտագործելու համար։ Կասկածյալներից երեքը հետախուզման մեջ են։










