Փարիզում BBC-ի թղթակիցն ընդհատում է իր խոսքը՝ չկարողանալով զսպել հուզմունքը (տեսանյութ)

16:36 • 17.11.15

Փարիզում գտնվող բրիտանական BBC հեռուստաալիքի լրագրող Գրահամ Սաչելն այսօր չի կարողացել զսպել իր հուզմունքն ուղիղ հեռարձակման ժամանակ, հաղորդում է dailymail.co.uk-ը։

 

Կանգնելով քաղաքի հուշարձաններից մեկի առաջ՝ Սաչելը սկսել է խոսել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքների մասին։ Նա խոսել է հույսի մասին, որ ինքը տեսել է Ֆրանսիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը տեղի ունեցած կոտորածից հետո, սակայն նրա ձայնը սկսել է կտրվել և ակնհայտորեն ստիպված է եղել ժամանակից շուտ դադարեցնել հեռարձակումը։

 

«Անցած գիշեր այստեղ հսկում էին տարածքը, ինչպես նաև Էյֆելյան աշտարակի մոտ։ Էյֆելյան աշտարակը լուսավորված էր կարմիր, սպիտակ, կապույտ գույներով, որը կարծում եմ՝ հույսի նշան է»,- ասում է նա, ինչից հետո նրա ձայնը կտրվում է, և վայրկյաններ անց նա ներողություն է խնդրում և մի քանի բառ ավելացնելով՝ ավարտում իր խոսքը։

 

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

 

Բացի այդ, «Բատակլան»  թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին: Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել ավելի քան 300-ը։

 

 

Փարիզում BBC-ի թղթակիցն ընդհատում է իր խոսքը՝ չկարողանալով զսպել հուզմունքը (տեսանյութ)