Հոլիվուդյան աստղ Չառլի Շինը պաշտոնապես հայտարարել է, որ ՄԻԱՎ-վարակակիր է

19:47 • 17.11.15

Ամերիկացի դերասան Չառլի Շինը հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ՄԻԱՎ-ի իր անալիզները դրական պատասխան են ունեցել:

Reuters-ի փոխանցմամբ 50-ամյա դերասանը NBC-ի եթերում հայտարարել է. «Այստեղ եմ` խոստովանելու, որ ՄԻԱՎ-վարակակիր եմ: Այդ 4 տառը դժվար է ընդունել»:

Ավելի վաղ ամերիկյան մամուլում հրապարակումներ էին եղել, որ հայտնի դերասանը ՄԻԱՎ վարակակիր է, թաքցրել է դա, և հնարավոր է` վարակել մի քանի մարմնավաճառուհիների:

ԶԼՄ-ները հայտնում են, որ Շինին խորհուրդ են տվել պաշտոնապես չհաստատել իր հիվանդ լինելը, իսկ այժմ նրան կարող է ազատազրկում սպառնալ` հիվանդությունը թաքցնելու և տարածելու համար:

Շինը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Բարձրագույն լիգա - 2», «Փողը որոշում է ամեն ինչ», «Շատ սարսափելի կինո» և այլն: 90-ականներին կարիերայի մայրամուտից հետո Շինը ավելի շատ հայտնի էր թմրամիջոցների և սեքս սկանդալների բերումով:

 

Հոլիվուդյան աստղ Չառլի Շինը պաշտոնապես հայտարարել է, որ ՄԻԱՎ-վարակակիր է