«Коммерсантъ»-ին հայտնի է դարձել A321 ինքնաթիռում պայթյունի հետաքննության նախնական արդյունքների մասին

11:37 • 18.11.15

Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Շարմ էլ Շեյխից թռչելուց քիչ անց կործանված ռուսական ուղևորատար ինքնաթիռում պայթյունը ենթադրաբար տեղի է ունեցել սրահում։ Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրի։

 

Պայթյունի էպիկենտրոնը կարող էր լինել սրահի վերջում։ Նախնական վարկածի համաձայն՝ ռումբը կարող էր տեղադրված լինել պատուհանի մոտ գտնվող ուղևորատար նստարանի տակ։ Դրա ակտիվացումը հանգեցրել է օդանավի ֆյուզելյաժի ոչնչացմանն ու սրահի պայթյունային ապահերմետիկացմանը։

 

Ինքնաթիռը, որից անմիջապես պոկվել է պոչամասը, մասերի է բաժանվել օդում, իսկ ինքնաթիռի ուղևորները մահացել են գրեթե վայրկենաբար՝ ճնշման կտրուկ անկումից:

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը, ուսումնասիրելով A321-ի բեկորները, հայտնաբերել է մոտ մեկ մետր տրամագծով անցք, որի ծայրերը դեպի դուրս ծռված են եղել: Այն կարող էր առաջացած լինել պայթուցիկ նյութի կիրառման արդյունքում, որը սովորաբար օգտագործվում է ռազմական նպատակներով:

 

Պայթուցիկը ենթադրաբար ժամացույցի մեխանիզմ է ունեցել, սակայն թռիչքի հետաձգման դեպքում, ինչը հազվադեպ չէ Եգիպտոսի օդանավակայանների համար, թայմերը կարող էր ակտիվանալ նաև առանց ուղևորների ինքնաթիռում՝ դեռ թռիչքուղու վրա։

 

Փորձագետների ենթադրության համաձայն՝ ռումբը ինքնաթիռի ներս կարող էր մտցնել օդանավակայանի սպասարկող անձնակազմի աշխատակիցներից մեկը, օրինակ՝ սրահի հավաքարարը կամ սնունդ և բեռներ հասցնող աշխատակիցները։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հաստատել է Սինայի թերակղզում կործանված A321 ռուսական ինքնաթիռում ահաբեկչության փաստը։

Ռուսաաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ռուսական ինքնաթիռը պայթեցրած ահաբեկիչներին կգտնեն մոլորակի ցանկացած կետում և կպատժեն: Նա հավելել, որ նրանք, ովքեր կփորձեն աջակցել հանցագործներին, պետք է իմանան, ով բոլոր հետևանքները կընկնեն իրենց ուսերին։

 

Հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխ հանգստավայրից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց կործանվել էր Եգիպտոսի Սինա թերակղզու տարածքում: Աղետի հետևանքով զոհվել էին ինքնաթիռի բոլոր  217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները:

«Коммерсантъ»-ին հայտնի է դարձել A321 ինքնաթիռում պայթյունի հետաքննության նախնական արդյունքների մասին