Հայաստանը միացել է հակաբիոտիկների ազդեցության մասին իրազեկման արշավին

14:37 • 18.11.15

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակը նոյեմբերի 18-ը հայտարարել է Հակաբիոտիկների վերաբերյալ գիտելիքների օր, որի հիմնական նպատակն է՝ բարձրացնել բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակը հակաբիոտիկների ճիշտ օգտագործման վերաբերյալ:
 

Այս առիթով Եվրոպայի տարածքում իրազեկման արշավ է անցկացվում՝ «Հակաբիոտիկներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո, որին միացել է նաև Հայաստանը: Այս թեմայի շուրջ  Tert.am-ը զրույցեց հակամանրէնային դեղերի կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանի հետ:
 

Վերջինս նշեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն աճում է, այսինքն` դրանք ժամանակի ընթացքում սկսում են ազդեցություն չունենալ օրգանիզմի վրա: Իսկ ստեղծվող նոր հակամիկրոբային դեղերի թիվը շատ փոքր է: 

 

«Օրինակ. 1983-1987 թթ. ի հայտ են եկել 16 նոր հակամիկրոբային պրեպարատների, իսկ 2008-2012թթ. միայն 2-ը: Հայաստանում ևս խնդիրը առկա է, ինչի համար հակամիկրոբային դեղերի նկատմամբ  կայունության զարգացման միտումները կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ՝ մասնավորապես մշակել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողություն և կանխարգելման ռազմավարություն, որը 2015 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել»,-ասաց նա:
 

Հակամանրէային դեղերի կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատուի տեղեկացմամբ` հակաբիոտիկները ի տարբերություն մյուս դեղերի, ունեն ընտրովի ազդեցություն, այսինքն` նրանց ազդեցության թիրախը գտնվում է ոչ թե օրգանիզմի հյուսվածքներում, այլ մանրէի բջջում:
 

«Հակաբիոտիկների ազդեցությունը ժամանակի ընթացքում նվազում է, իսկ հակաբիոտիկայունության զարգացումը անխուսափելի կենսաբանական երևույթ է: Այս ամենին հանգեցնում է հակամանրէային դեղերի չհիմնավորված և ոչ ռացիոնալ կիրառումը, հակաբիոտիկների ցածր որակը, ինքնաբուժումը, ոչ նպատակային և սխալ դեղաչափերով նշանակումը կամ բուժման ընդհատումը»,- նշեց Քրիստինա Գյուրջյանը:
 

Մասնագետը տեղեկացրեց, որ Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալների համաձայն  եվրոպական տարածաշրջանի  բնակիչները 40%  համոզված են, որ հակաբիոտիկներն էֆեկտիվ են մրսածության և գրիպի ժամանակ, իսկ Ռուսաստանում հակաբիոտիկներ է օգտագործում ինքնաբուժման նպատակով բնակչության 84.6 %-ը:
«Եվրոպական տարածաշրջանի որոշ երկրներում հակամիկրոբային դեղերի նկատմամբ կայունության տարածվածության մակարդակը հասնում է 25% և 29 երկրների տվյալներով դեղակայուն ձևերով վարակների տարեկան 400 000 դեպքերից մահանում է 25 000 մարդ, իսկ  տարեկան տնտեսական կորուստը կազմում է 1,5 միլիարդ եվրո: Եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ 2050 թվականին տարեկան ամբողջ աշխարհում դեղակայուն վարակներից կմահանա մոտ 50 մլն մարդ, իսկ տնտեսական կորուստը կկազմի մոտ  100 տրլ  դոլար»,-ասաց նա: 
 

 

Հայաստանը միացել է հակաբիոտիկների ազդեցության մասին իրազեկման արշավին