Նախիջևանում նախ ծեծել են ընդդիմադիր ակտիվիստին, ապա՝ ձերբակալել
Նախիջևանում ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեղադրանքով ձերբակալվել է ադրբեջանական «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Զեյնալ Բագիրզադեն։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az կայքը, այդ մասին հայտնել է նրա եղբարը՝ կուսակցության տարածաշրջանային ղեկավար Յաշար Բագիրսոյը։
Շաբաթ Բագիրզադեի տանը հայտնվել է Սոցիալական պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչը, պահանջել վճարել հիմնադրամի գումարը: Բագիրզադեն տանը չի եղել, և պաշտոնյան վիրավորել է տանտիրոջը, ապա՝ նրա կնոջը:
Ավելի ուշ Բագիրզադեն գնացել է հիմնադրամ ու բացատրություն պահանջել, թե ինչու են եկել իրենց տուն ու վիրավորել կնոջը: Ի պատասխան պաշտոնյաները ծեծի են ենթարկել ընդդիմադիր գործչին:
Ապա անգիտակից Բագիրզադեին փողոց են նետել: Նրան օգնություն են ցույց տվել անցորդները:
Ուշքի գալով՝ Բաքիրզադեն դիմել է դատախազություն: Երկուշաբթի նրան կանչել են դատախազություն և ձերբակալել են, և ինչպես ակնկալվում է՝ նա այսօր կկանգնի դատարանի առաջ։










