Հայտնի հեռուստահաղորդավար Քոնանը պատմել է հայաստանյան այցի ամենահուզիչ դրվագներից մեկի մասին

10:30 • 18.11.15

Հայտնի ամերիկացի հաղորդավար Քոնան Օ’Բրայանը, ով իր «Քոնան» հեռուստաշոուի շրջանակներում վերջերս այցելել էր Հայաստան ու հետաքրքիր հաղորդում պատրաստել մեր երկրի մասին, հարցազրույց է տվել Հարավային Կալիֆոռնիայի հանրային ռադիոյին (scpr.org)` մի շարք ուշագրավ մանրամասներ ներկայացնելով հայաստանյան ուղևորության վերաբերյալ։

 

Հայտնի շոումենը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Հայաստան գալու հիմնական «պատճառն» իր օգնական Սոնա Մովսեսյանն էր, ով 6 տարի շարունակ իրեն պատմում էր իր հայրենիքի, մշակույթի ու այնտեղի հիանալի մարդկանց մասին:

 

«Ես ուզում էի Սոնային օգնել իր արմատների, ժառանգության հետ վերամիավորվել: Նկարահանումների սկզբում ես հանդիպեցի Սոնայի ծնողներին, որոնցից հետաքրքրվեցի, թե ինչ նրանք կցանկանային, որպեսզի մենք անենք Հայաստանում: Այնքան ուրախ եմ, որ այդ ցանկությունների մեծ մասն իրագործեցինք»,-նշել է Քոնանը:

 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, կատարած այցը հեռարձակվելու է շոուի ընթացքում, Քոնանը միանգամայն դրական պատասխան է տվել` հավելելով. «Այո՛, դա շոուի կարևորագույն մասերից մեկն է: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե շոուն ծայրից ծայր ծիծաղելի դրվագներից է բաղկացած, սխալվում են: Ես հպարտ եմ այդ այցելությամբ»։

 

Այնուհետև հեռուստահաղորդավարն անդրադարձել է հայաստանյան նկարահանումների ընթացքում իր համար ամենահիշարժան ու հուզիչ դրվագներից մեկին:


«Երբ Երևանում էի, ինձ ասացին, որ դրսում հավաքվել են մի խումբ երկրպագուներ, ովքեր ուզում են ինձ տեսել: Սկզբում «հայ երկրպագուների» փաստն ինձ անչափ զարմացրեց, բայց ես որոշեցի դուրս գալ ու հանդիպել նրանց: Երբ դուրս եկա, տեսա, որ նրանք բոլորը` մի 7-8 հոգի, սիրիահայ փախստականներ են: Նրանք պատերազմի պատճառով Հայաստան են եկել մի քանի տարի առաջ, իսկ իմ շոուն և ինձ ճանաչում էին YouTube-ից։ Նրանք այնքան ուրախ էին ինձ հանդիպելու կապակցությամբ, որ ես չկարողացա նրանց մերժել, ու մենք միասին գնացինք զվարճանալու: Դրանից հետո ես զանգահարեցի կնոջս ու ասացի. «Հենց նոր ես ապրեցի կյանքիս լավագույն պահերից մեկը»»,-վերհիշել է շոումենը:

 

Հայտնի հեռուստահաղորդավար Քոնանը պատմել է հայաստանյան այցի ամենահուզիչ դրվագներից մեկի մասին