Ժամանակակից աշխարհի խնդիրները հնարավոր չէ լուծել աղոթքներով. Դալայ Լամա
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման, անդրադառնալով նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների շարքին, նշել է, որ «Աստված մեզ չի օգնի ճգնաժամային այս պահին, քանի որ բոլոր խնդիրները ստեղծել են հենց մարդիկ»։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, բարձրաստիճան հոգևորականի խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքը հնարավոր չէ վերացնել կամ նվազեցնել Աստծուն ուղղված աղոթքների միջոցով։
«Աղոթքները մեզ չեն օգնի այս հարցը լուծելու համար։ Ես բուդդիստ եմ ու հավատում եմ աղոթքի զորությանը, սակայն մարդիկ են այս խնդիրը ստեղծել, բայց Աստծուն են խնդրում լուծել այն: Դա անտրամաբանական է։ Աստված կասի մեզ. «Ինքնե՛րդ լուծեք այդ խնդիրները, քանի որ դրանց ստեղծողները հենց դո՛ւք եք»»,-ասել է 80-ամյա Դալայ Լաման:
Տարեց բուդդիստը նաև հավելել է, որ իրավիճակը շտկելու համար մարդկությունը պետք է վերարժևորի համամարդկային արժեքներն ու համախմբվի դրանց շուրջ:
«Եկեք խաղաղություն սփռենք մեր ընտանիքներում, հասարակության մեջ և հույսներս չդնենք միայն Աստծո օգնության վրա»,- եզրափակել է հոգևորականը։










