Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը սպանվել է Սեն Դենում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ
Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դեն արվարձանի բնակարաններից մեկում լուսադեմին իրականացված հատուկ գործողությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Բնակարանի խուզարկության ժամանակ պայթյուններ են հնչել փարիզյան արվարձանում:
Washington Post-ի տվյալներով` երկու բարձրաստիճան պաշտոնյա հաստատել են ԻՊ-ի շարքերում ներգրավված ահաբեկչի սպանության փաստը: Նրանց հաղորդմամբ` բնակարան ներխուժելիս տեղի ունեցած բախման արդյունքում երկու ահաբեկիչ է սպանվել` Աբու Օուդը և Սալահ Աբդեսլամը, որը նույնպես որոնման մեջ էր գտնվում:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։
Հիշեցնենք նաև, որՓարիզի արվարձան Սեն Դենիում պայթյուններ էին լսվել՝ 4 պայթյուն։ Ոստիկանության հատուկ ջոկատները պաշարել էին Սեն Դենիում՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից 2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակարաններից մեկը:
Նշվում էր նաև, որ կասկածվող անձանցից մեկը թաքնվել էր Սեն Դենի արվարձանում անցկացվող ոստիկանական հատուկ գործողության վայրից։ «Մեկ մարդ կարողացել է թաքնվել և փախուստի է դիմել»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքն էր մեջբերել RTL ռադիոկայանը: Իսկ կին մահապարտ ահաբեկիչը հասցրել էր ակտիվացնել պայթուցիկ սարքը։










