Ասադը հայտարարել է 2 տարի հետո հնարավոր հրաժարականի մասին՝ իսլամիստներին հաղթելու դեպքում

11:26 • 19.11.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իտալական RAI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե իր հրաժարականն անհնար է, քանի դեռ «Իսլամական պետություն» խմբավորմանը չեն հաղթել, տեղեկացնում է Lenta.ru-ն:

 

«Քաղաքական անցումային շրջանի ժամանակացույցը պետք է աշխատի ահաբեկչությանը հաղթելուց հետո: Անհնար է քաղաքական ոլորտում արդյունքի հասնել, քանի դեռ ահաբեկիչները վերահսկում են Սիրիայի զգալի տարածքներ»,-ասել է Ասադը:

 

Անցումային ժամանակաշրջանի տևողությունը՝ ահաբեկիչներին հաղթելու դեպքում, Ասադը գնահատել է 1.5-2 տարի:

 

Նա խոսել է նաև նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին։

«Այդ հարցում արգելող որևէ «կարմիր գիծ» չկա: Եթե ես ընտրվեմ սիրիացիների նախագահ, ապա նրանց լավ ապագա է սպասվում»,- ասել է Ասադը՝ նշելով, որ առանց ընտրությունների իշխանության մնալու որոշումը քաղաքական սխալ կլիներ:

 

Հոկտեմբերի սկզբին Սիրիայի նախագահը հայտարարել էր, թե չի ուշացնի իր հրաժարականը, եթե դա կօգնի լուծել երկրի ճգնաժամը։

 

Ասադը հայտարարել է 2 տարի հետո հնարավոր հրաժարականի մասին՝ իսլամիստներին հաղթելու դեպքում