Վարշավայից Եգիպտոս թռչող ինքնաթիռն ահաբեկչության սպառնալիքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Բուրգասում
Լեհաստանից Եգիպտոս թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել բուլղարական Բուրգասի օդանավակայանում՝ ռումբի ահազանգի մասին հաղորդագրության պատճառով։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ուղևորները տարհանվել են։
Ինքնաթիռը Վարշավայից թռչում էր դեպի Հուրգադա: Դրա հրամանատարը, տեղեկանալով անվտանգության սպառնալիքի մասին, արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Բուլղարիայում։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները տարհանվել են։
Ռումբի առկայության մասին ահազանգը հնչեցրել է 64-ամյա մի ուղևոր, որին այս պահին հարցաքննում են իրավապահները:
Տեղի իշխանությունները հակաահաբեկչական ռեժիմ են սահմանել, Բուրգասի օդանավակայանը շրջափակվել է ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, որ Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական A321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ին կործանվել էր Եգիպտոսի Սինայի թերակղզում։ Ինքնաթիռում եղել էր 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք բոլորն էլ զոհվել էին: Ավելի ուշ հաստատվեց, որ ինքնաթիռի կործանման պատճառն ահաբեկչությունն է եղել:










