Ֆրանսիայի խորհրդարանն այսօր կքննարկի երկրում արտակարգ դրության երկարաձգման հարցը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատը) պատգամավորները հինգշաբթի արտահերթ կարգով կքննարկեն երկրում արտակարգ դրությունը երեք ամսով երկարաձգելու հարցը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել կառավարության կողմից՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկով. պատճառը Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններն էին:
Ֆրանսիայի օրենսդրությամբ այդ ռեժիմը կարող է մտցվել առավելագույնը 12-օրյա ժամկետով, երկարաձգման համար անհրաժեշտ է երկրի խորհրդարանի որոշումը։
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը հայտարարել է, որ խորհրդարանականներին առաջարկվել է նաև փոփոխություններ մտցնել 1955 թվականին ընդունված և արդեն հնացած Արտակարգ իրավիճակների մասին օրենքում, քանի որ այն չի համապատասխանում ներկա մարտահրավերներին:
Օրինագծի տեքստում առաջարկվում է արդիականացնել ու ընդլայնել միջոցառումները, որոնք առնչվում են երկրի ազգային անվտանգությանը սպառնացող մարդկանց տնային կալանքին։ Բացի այդ, կատարվող փոփոխությունները հնարավորություն կստեղծեն փակելու այն ասոցիացիաներն ու միավորումները, որոնք մասնակցում կամ աջակցում են երկրի համար վտանգավոր գործողությունների:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Ըստ պաշտոնական տվյալների՝ դրանց հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվել է։










