Մարդիկ չեն նստելու համեմատեն գործող ու նոր սահմանադրությունները, սա լուրջ իրավաբանական հարց է. սոցիոլոգ
Հասարակությունը սկսել է հետաքրքրվել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը: Վերջինս նշեց, որ մասնավորապես մարզերում գործընթացի հանդեպ հետաքրքրություն է սկսել «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների այցելություններից հետո:
«Այն վայրերում, որտեղ հանդիպումներ են արվում, այդտեղ մարդիկ սկսում են հետաքրքրվել: Ամեն դեպքում, բնակչության քիչ տոկոսն է ընդգրկված քարոզարշավում: Որոշակի հետաքրքրություն կա, այս առումով մի փոքր տեղաշարժ գրանցվել է, բայց բավարար չէ, այն դեպքում, երբ մի ամսից քիչ ժամանակ է մնացել հանրաքվեին»,- ասաց Գևորգ Պողոսյանը:
Համեմատելով սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ տարվող քննարկումները, որոնք հեռարձակվում էին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով և այս պահին «Արմ Նյուզ»-ով հեռարձակվող սահմանադրական հանրաքվեի «Այո և ոչ» ռեալիթի շոուն՝ հետաքրքրվեցինք՝ մարդկանց տեղեկացվածությունն այս ժամանակահատվածում մեծացե՞լ է: Ի պատասխան Գևորգ Պողոսյանն ասաց, թե խորհրդարանական քննարկումներն ունեին գործնական բնույթ, ուստի հանրությունը կարող էր դրանց առհասարակ չհետևել:
«Իսկ քարոզարշավը նպատակաուղղված է հենց հանրությանը: Սա այն է, ինչ պետք է հետաքրքրություն առաջացնի մարդկանց մեջ»,- ասաց սոցիոլոգը՝ նշելով, որ խորհրդարանական քննարկումները նեգատիվ ազդեցություն ունեցան գործընթացի վրա, որովհետև մարդիկ «խրտնում են», երբ տեսնում են, թե ինչպես են պատգամավորները միմյանց հետ վիճում:
«Մարդիկ նայում են, տեսնում են՝ քննարկում է, մտածում են, որ եթե անգամ իրենք չգիտեն, որն է ճիշտը սխալը, մենք որտեղից իմանանք: Դրա համար սա կարող է ավելի նեգատիվ, քան պոզիտիվ ազդեցություն ունենալ»,- ասաց Պողոսյանը:
Ըստ սոցիոլոգի՝ հասարակությունը ծանոթ չէ սահմանադրական փոփոխությունների նպատակներին: «Սա անգամ խիստ սահմանափակ իրավաբանների, մասնագետների վերլուծության հարց է: Սա լուրջ իրավաբանական հարց է, ծավալուն: Մարդիկ հո չեն նստելու՝ համեմատեն գործող ու նոր առաջարկվող սահմանադրությունները: 110 Հոդվածը 210-ի հետ ո՞վ պետք է նստի, համեմատի, որ տեսնի փոփոխությունները: Մարդիկ չեն էլ խորանա»,- շեշտեց Գևորգ Պողոսյանը՝ նշելով, որ հասարակության համար սահմանադրական հանրաքվեն վերածվելու է վստահության հանրաքվեի:
«Նրանք, ովքեր կվստահեն իշխանություններին, կքվեարկեն կողմ, ովքեր դեմ կլինեն իշխանություններին, «ոչ» կասեն»,- ընդգծեց Պողոսյանը:










