Նորվեգիան և Չինաստանը դատապարտել են իրենց քաղաքացի պատանդների սպանությունն ԻՊ-ի կողմից (լուսանկար)
Նորվեգիայի և Չինաստանի իշխանությունները հաստատել են «Իսլամական պետության» ահաբեկիչների հաղորդագրությունը՝ երկու օտարերկրյա պատանդների սպանության վերաբերյալ, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը հաղորդել է, որ երկրի քաղաքացի Օլե Յոհան Գրիմսգորդ Օֆսադան, ամենայն հավանականությամբ, իրոք սպանվել է:
«Մենք դատապարտում ենք սպանությունը»,-ասել է նա ու հավելել, որ իշխանությունները փնտրում են ցանկացած լրացուցիչ տեղեկություն:
Չինաստանի արտգործնախարարությունը ևս հաստատել է ահաբեկիչների կողմից Ֆան Ցզինհուեյի սպանությունը:
«Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Չինաստանի կառավարությունը դատապարտում է այդ անմարդկային քայլն ու բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկի»,-հաղորդել է Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Քաղաքացու սպանությանն արձագանքել է նաև Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը: Նա դատապարտել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին, որոնք հայտնել էին չինացի ու նորվեգացի պատանդների սպանության մասին։











