Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել Իտալիայում ահաբեկչություններ նախապատրաստող ահաբեկիչների մասին
Իտալիայի իշխանությունները տեղեկություն են ստացել 5 ենթադրյալ ահաբեկիչների մասին, որոնք կարող էին հարձակումներ նախապատրաստել իտալական հայտնի տեսարժան վայրերի վրա, գրում է РИА Новости-ն` հղում անելով իտալական լրատվամիջոցներին։
Հետաքննությունների դաշնային բյուրոն Իտալիայի իրավապահ մարմիններին է փոխանցել ահաբեկչության համար կասկածվողների մասին տեղեկությունը, փոխանցում է ANSA գործակալությունը։ Բոլոր ենթադրյալ ահաբեկիչներն ունեն արաբական անուններ, նրանք գտնվում են ազատության մեջ:
Rupubblica թերթը հայտնում է, որ կասկածյալները կարող էին հարձակումներ նախապատրաստել Միլանի տաճարի և «Լա Սկալա» թատրոնի, ինչպես նաև Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարի վրա։
Ավելի վաղ Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն հանձնարարել էր ուժեղացնել հանրային անվտանգության միջոցառումները` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Հիշեցնենք, որ Փարիզի 7 շրջաններում անցած ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից:










