Ինը գրադարան ստեղծել է գրքերի կատալոգ. էլեկտրոնային սպասարկումը հեշտացրել է ընթերցողների գործը
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ներդրված էլեկտրոնային սպասարկումը հեշտացրել է ընթերցողների պահանջների բավարարումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը:
«Գրադարանի ընթերցողն իր տանից հավաքելով գաղտնաբառը միանգամից կարող է իմանալ` իր ցանկացած գիրքը կա գրադարանում, թե ոչ: Գրքի համար ստիպված չի լինում հասնել գրադարան: Էլեկտրոնային սպասարկումը հնարավորություն է տալիս ճշտել` եթե գիրքն առկա է, ապա ինչ-որ մեկի մոտ է, թե ոչ: Վերջապես, ինը խոշոր գրադարաններ ստեղծել են իրենց մոտ առկա գրքերի կատալոգ: Տարեցտարի գրադարանների թիվն ավելանում է: Ընթերցողը կարող է տեղեկանալ, թե որ գրադարանում է առկա պահանջված գիրքը: Ամենակարևորը` կարող է օնլայն պատվիրել այն»,-նշել է նա:
Ռուզաննա Բարսեղյանը շեշտեց, որ գրադարանից տարեկան օգտվում է 32-33 հազար մարդ: «Այն անձինք, ովքեր դառնում են գրադարանի ընթերցող, կարող են օգտվել համակարգից: Էլեկտրոնային սպասարկումը ներդրվել է 2013 թվականից: Դրան զուգահեռ` ավտոմատացվել են գրադարանային գործառույթները: Այսինքն` մենք ընթերցողական քարտեր արդեն չենք լրացնում, միանգամից գիրքը մուտքագրվում է, և համակարգն անում է պահանջվածը: Բացի այդ, գրադարանավարն ամսվա վերջում տեղեկատվություն է ստանում, թե քանի ընթերցող կա ամսական, քանի հաճախում է եղել: Ծրագիրը թույլ է տալիս ըստ բաժինների պարզել` որքան գիրք է տրվել, օրինակ` բնության, արվեստի, հասարակական գիտությունների մասին, և այլն: Համակարգը ցույց է տալիս, թե որ ընթերցողն է ուշացրել գրքերը»,-շեշտել է նա:
Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրենը մշակութային օջախի ամենամեծ ու ամենակարևոր նորամուծությունը համարում է հենց էլեկտրոնային սպասարկման ներդրումը: Գրադարանի էլեկտրոնային սպասարկման անցումն իրականացրել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտական ինստիտուտը:
«Նմանատիպ արտասահմանյան ծրագրեր էլ կան: Հայկական ծրագրի դեպքում հենց մի սխալ լինում էր, անմիջապես դիմում էինք, արագությամբ հարցը լուծվում էր: Արտասահմանյան ծրագրերի դեպքում ավելի բարդ կլիներ, ժամանակ է շատ խլում: Աստիճանաբար կենտրոնական գրադարանի 7 մասնաճյուղերը նույնպես առաջիկայում կանցնեն էլեկտրոնային սպասարկման»,-նշել է Ռուզաննա Բարսեղյանը` հավելելով, որ այժմ գրադարանները համակարգ են մուտքագրում իրենց մոտ առկա գրականությունը:










