Հրապարակվել է Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի կողմից ջիհադի կոչ պարունակող տեսագրությունը (նկարներ, տեսանյութ)
Իսլամիստները համացանցում վերբեռնել են Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի մասնակցությամբ ծայրահեղական տեսագրություն, որում ահաբեկիչը ջիհադ իրականացնելու կոչ է անում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆրանսիացի իրավապահների կողմից երեկ Փարիզի Սեն Դենի արվարձանում իրականացված հատուկ գորոծղության ընթացքում սպանված իսլամիստը, զենքը ձեռքին, կոչ է անում մուսուլմաններին «վեր կենալ, իրեն միանալ ու գնալ դեպի «հաղթանակ»»։
«Ձեզ դո՞ւր է գալիս այն ստորացուցիչ կյանքը, որով ապրում եք: Եվ դուք դեռ ձեզ մուսուլմա՞ն եք համարձակվում անվանել: Բա՛րձր պահեք ձեր հարգանքն ու պատիվը, որը կարող եք գտնել միայն կրոնի, ջիհադի մեջ»,- տեսաուղերձում ասել է 27-ամյա Աբաուդը:
Բրիտանական պարբերականը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե երբ է նկարահանվել այս տեսանյութը` նոյեմբերի 13-ի գիշերը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի իրականացումից առա՞ջ, թե՞ հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դեն արվարձանի բնակարաններից մեկում երեկ լուսադեմին իրականացված հատուկ գործողությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։



















