Օգնե՛ք ինձ. Փարիզում կին մահապարտը մինչ իրեն պայթեցնելը դիմել էր իրեն պաշարած ոստիկաններին (տեսանյութ)
Երեկ` նոյեմբերի 18-ին, փարիզյան Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողության իրականացման ընթացքում իրավապահները բախվել են արտակարգ պատահարի. երիտասարդ կին մահապարտը երևացել է փարիզյան ահաբեկչությունների շարքի ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի պաշարված բնակարանի պատուհանից` օգնություն խնդրելով ոստիկաններից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հետագայում պարզվել է, որ Հասնա Աիթբուլահսենն Աբաուդի զարմուհին է։ Ականատեսներից մեկի պատմելով՝ երիտասարդ կինը մի քանի անգամ երևացել է 3-րդ հարկում գտնվող բաց պատուհանից ու բղավել. «Օգնե՛ք ինձ, օգնե՛ք ինձ»: Սա լսելուց հետո ոստիկանները դիմել են կնոջը`պահանջելով ցույց տալ դեմքն ու բացահայտել ինքնությունը, սակայն անծանոթուհին միայն ձեռքերն է պատուհանից դուրս հանել:
Այնուհետև բնակարանում թաքնված ահաբեկիչների ու իրավապահների միջև փոխհրաձգություն է սկսվել: Րոպեներ անց ուժգին պայթյուն է լսվել. կին մահապարտը գործի է դրել մարմնին ամրացված ռումբը: Ականատեսների խոսքերով՝ նախքան ինքնասպանությունը կին մահապարտն արտասվել է ու արաբերենով ասել. «Ալլա՛հ, աքբար»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի ենթադրյալ կասկածյալ Աբդելհամիդ Աբաուդին ու նրա հանցակիցներին ոչնչացնելու նպատակով ֆրանսիացի իրավապահները հատուկ օպերացիա են իրականացրել Սեն Դենի արվարձանի հյուսիսային հատվածում:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։















