Բելգիայի վարչապետը հայտարարել է երկրում «Փարիզի նման» ահաբեկչությունների հավանականության մասին
Բելգիան երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություն ունի, հայտնում է Le Soir-ը։
Այդ մասին ազգային անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է երկրի վարչապետ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ հենց դրա հետ է կապված երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին որոշումը, փոխանցում է gazeta.ru-ն։
«Պոտենցիալ թիրախներ են՝ առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը, հանրային վայրերը»,- ասել է վարչապետը։
Նա նաև նշել է, որ ըստ առկա տեղեկության՝ երկրում ծրագրվել են «պայթյուններ մի քանի վայրերում՝ մի քանի մարդկանց կողմից»։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել երկրի մայրաքաղաք Բրյուսելում։
Հաղորդվել էր նաև, որ Բելգիայի մայրաքաղաքի մետրոն դադարեցրել է աշխատանքը՝ ահաբեկչության սպառնալիքի մակարդակն առավելագույնի հասցնելու որոշումից հետո։
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մոտ 130 մարդ է զոհվել, նրանց թվում` 17-ամյա Լոլա Ուզունյանը, 300-ից ավելին վիրավորվել։










