Բելգիայի մայրաքաղաքում ահաբեկչության սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարվել
Բելգիայի իշխանություններն ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ են հայտարարել երկրի մայրաքաղաք Բրյուսելում, գրում է Газета-ն:
Դա նշանակում է, որ ահաբեկչական ակտիվության սպառնալիքը քաղաքի տարածքում «առավելագույնս լուրջ» է: Հնարավոր է՝ նման որոշումը կապված է հետաքննության և այն մարդկանց որոնման հետ, որոնք կապված են Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ բելգիական իշխանությունները հետաքննություն են սկսել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ` իրենց երկրի 2 քաղաքացիների մահից հետո:
Փարիզի տարբեր շրջաններում նոյեմբերի 13-ին գրեթե միաժամանակ ահաբեկչություններ էին տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։










