Բելգիացիները սահմանված արտակարգ դրությանն արձագանքել են հումորով՝ կատուների լուսանկարներ հրապարակելով (լուսանկարներ)
Կիրակի երեկոյան Բելգիայի ոստիկանությունը խնդրել է քաղաքացիներին Twitter սոցցանցում չտեղադրել հաղորդագրություններ երկրում իրականացվող հատուկ գործողությունների մասին և առհասարակ այդ թեմայով լռություն պահպանել սոցիալական ցանցերում, գրում է The Guardian-ը։
Բելգիայի ոստիկանությունը, որը Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված հարձակումներից հետո ահաբեկչության համար կասկածվող անձանց է որոնում, քաղաքացիներին խնդրել է մնալ տներում և չմոտենալ պատուհաններին՝ անվտանգության նկատառումներով:
Այս լարված դրությանը բելգիացիները որոշել են հումորով արձագանքել՝ կատուների լուսանկարներ հրապարակելով։ Բելգիացիները նախընտրել են չմտածել, թե ոստիկանությունն ինչ կարգի վտանգ է փորձում կանխել և փոխարենն օգտագործել են #BrusselsLockdown հեշթեգը՝ իրենց ընտանի կենդանիների լուսանկարները հրապարակելու համար։
Հիշեցնենք, որ Բելգիայում հատուկ գործողությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալվել։
Լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ գործողությունները չեն հանգեցրել Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի և Սեն Դենիում ահաբեկիչներին օգնող Հասնա Աիթբուլահսենի եղբոր ձերբակալությանը։



















